Կենսագրություն

Իմ ստեղծագործության հիմքում պոեզիան է, խոսքը: Խոսքը շատ եմ կարևորում, որովհետև ,ի սկզբանէ Բանն էրե (խոսքը), որից հետո նոր միայն երաժշտությունն է ծնվել: Հայ իրականության մեջ խոսքի, լեզվի կարևորությունը շատ մեծ է, այն մեր գոյության, լինելության նախապայմանն է: Խոսքը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև ներառում է մեր իրականության բոլոր ոլորտները` մշակույթ, գիտություն և այլն: Ես խոսքը "թարգմանում եմ"  երաժշտության: Հայկական պոեզիան այնքան երաժշտական է, այնքան մեղեդային, որ ընդամենը մի փոքր ջանք է պետք, որպեսզի այն երաժշտության վերածվի: Պարզապես պետք է խորամուխ լինել բանաստեղծության մեջ, ու եթե դա հաջողվում է, և դուռը բացվում է քո առջև` տեղի է ունենում յուրատեսակ ժայթքում: Ես աշխատում եմ պոեզիայից ստացած իմ  ապրումները, զգացողությունները երաժշտության միջոցով փոխանցել մարդկանց: Դրանք,  կարելի է ասել, յուրատեսակ ուղերձներ են: Բանաստեղծական ամեն մի տող ինձ համար մի երաժշտական նախադասություն է, դարձվածք: Հիշում եմ` երբ ձեռքս վերցրեցի Քուչակի Հայրենները, կարծես մի դուռ բացվեց իմ առաջ, և բանաստեղծության առաջին տողից իսկ մեղեդին ծնվեց: Հայրեններով գրված ստեղծագործությունները, որոնք ես Գանձեր եմ կոչել, մի շնչով են գրվել: Բացառապես իմ անձնական նախասիրությամբ եմ անդրադառնում այս կամ այն հեղինակին: Ես մանկուց եմ երաժշտության մեջ եղել: Զուսպ պայմաններում եմ մեծացել, ընտանիքս դաշնամուր գնելու հնարավորություն չուներ, բայց ես ամեն ինչ անում էի, որ այդ պակասը լրացնեմ: Բանաստեղծություններ, պատմվածքներ էի գրում, որոնք դպրոցի Պատի թերթում էին "հրատարակվում": Երբ հասունացա, սկսեցի շատ լսել դասական երաժշտություն, դրան նպաստեց նաև հորեղբայրս` Սարո Դանիելյանը, որը պրոֆեսիոնալ երաժիշտ էր և ապրում էր մեր տանը: Հորեղբայրս կարևոր դեր է խաղացել իմ երաժշտական ճաշակի ձևավորման մեջ:
Եվ բանաստեղծությունն աստիճանաբար սկսեց նահանջել, գրական փորձերը դադարեցին: Գուցե Մեծերի հանդեպ ակնածանքն էր պատճառը, որը զգացի, հասկացա, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, կամ շնորհի պակասը… Ամեն դեպքում` երաժշտությունը հաղթեց: Երկրորդ կուրսում արդեն սկսվեցին իմ երաժշտական փորձերը: Առաջին պոետը, որին անդրադարձել եմ, Վահան Տերյանն էր: Իմ առաջին երգը ծնվեց նրա "Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր" բանաստեղծության խոսքերով: Ասեմ, որ Բանասիրության ֆակուլտետում սովորել եմ մեծ պատասխանատվությամբ: Ընդունվել եմ դպրոցն ավարտելուց ինը տարի հետո միայն, երբ արդեն ամուսնացած էի, ու երկու որդիներս արդեն դպրոց էին հաճախում: Ընտանիքով ծանրաբեռնված լինելով, տարբեր հոգսեր ունենալով` երբեք գիրքը ձեռքիցս ցած չեմ դրել: Մի օրինակ բերեմ. այն ժամանակ լվացքի մեքենաները կիսաավտոմատ էին, և ամեն տասը րոպեն մեկ պետք է գնայիր, պտտեցնեիր: Այդ տասը րոպեների ընթացքում հասցնում էի նստել գործիքի առաջ, մի տող մշակել ու նորից վերադառնալ իմ աշխատանքին: Ու երբ հիմա որոշ մարդիկ ասում են` դե, չհասցրեցի, չկարողացա, դա ինձ համար զարմանալի է: